Ապրելու ու գոյատևելու երկու ձև կա՝ առաջինը, այնպես, ինչպես կենդանիներն են ապրում՝ մինչև մանրամասները նախօրոք կոդավորված մոտեցումներով և երկրորդը, այն, որ կենդանիները չունեն՝ կյանքում հանդիպող բոլոր իրավիճակներին իմաստային սուբյեկտիվ մեկնաբանություններ ու գնահատականներ տալով գոյությունը լավագույնս շարունակելու տեսանկյունից և դրանց հիման վրա որոշումներ կայացնելով ու համապատասխան գործողություններ կատարելով։
Իսկ մարդկանց կողմից իրենց շրջապատող ամեն ինչին և իմաստային մեկնաբանումներ ու գնահատականներ տալու, և դրանց հիման վրա որոշումներ կայացնելու, և որևէ տեսակի գործողության դիմելու միասնական հիմքը մարդկանց արժեքային համակարգն է։
Կենդանիներն էլ ունեն արժեքային համակարգ, բայց դա նրանց մոտ լրիվ դետերմինացված և կանխորոշելի բնույթ ունի, ու նրանց մոտ ապրել չապրելու հետ կապված պատահական հանգամանքները միջավայրով և իրենց անհատական ունակություններով են պայմանավորված։
Ի տարբերություն կենդանիների, մարդկանց արժեքային համակարգը լրիվ դետերմինացված ու կանխորոշելի չէ, այլ ունի լրացուցիչ ազատության աստիճան, որով նույն իրավիճակում գտնվող տարբեր մարդիկ կարող են արձագանքել լրիվ իրարից տարբերվող ձևերով և կատարել տարբեր գործողություններ։
Հենց այդ պատճառով էլ նույն տեսակի վտանգի պայմաններում գտնվող մարդկանցից մեկը նախահարձակ կլինի, որի արդյունքում կամ կհաղթի, կամ կպարտվի, իսկ այլ արժեքային համակարգի տեր մյուսը, նույնիսկ ամենաաննշան վտանգի դեպքում, պայքարից կխուսափի։
Մարդկանց արժեքային համակարգ ասածն էլ շատ տարբեր դեմքեր ունի, որոնք տարբեր պայմաններում կարող են ամենատարբեր ձևերով ու տեսքերով բացահայտվել։
Այդ իսկ պատճառով էլ մարդկանց արժեհամակարգը միայն այն չէ, ինչ որ երևում է տվյալ պայմաններում, քանի որ այլ պայմաններում այն կարող է բացահայտվել բոլորովին տարբերվող երանգներով ու գույներով։
Նայեք ռուսների արժեհամակարգի դրսևորումներին 90-ականներին ու հիմա, և Պուտինը ոչ թե մարդկանց արժեհամակարգ է փոխել, որը իրական ժամանակում անիրագործելի խնդիր է, այլ եղած արժեհամակարգի թաքնված կողմերն է բացահայտել։
Ինչքան էլ մեր ինքնախարազանիչներն էլ խիստ բացասական կարծիքի են մեր արժեհամակարգի մասին, բայց հաշվի առնելով, որ արժեհամակարգ ասածը ինվարիանտ է կամ համարյա ինվարիանտ է ժամանակի նկատմամբ և, մեկ էլ, որ մենք բոլորովին այլ մարդկային պատկեր ունեինք խորհրդային իշխանության վերջին ժամանակներում, հույս է ներշնչում, որ ամեն ինչ դեռ կորած չէ։
Նայեք ամբողջ աշխարհով մեկ ցրված մեր մարդկանց արժեքային համակարգի ամենատարբեր դրսևորումներին, որոնք պայմանավորված են նրանով, թե տվյալ միջավայրի համար որ արժեհամակարգն է ավելի գերադասելի։
Այս հարցը մակերեսային հապճեպություն չի սիրում, այլ սիրում է խոհուն ու համակողմանիորեն կշռադատված մոտեցումներ՝ հիմնված սիստեմային գիտելիքի վրա։
Պավել Բարսեղյան